17 նոյեմբերի 2012 - 14:11 AMT
Հայստանում ՄԻԱՎ-ի ոչ թե 1335, այլ 3500 դեպք կա. Բուժհաստատություններում հրաժարվում են նրանց սպասարկել

Հայաստանում, 1988 թվականին սկսած հաշվարկով, 1335 ՄԻԱՎ վարակի գրանցված դեպք կա: Այս թիվն իրական վիճակը չի արտացոլում, քանի որ բազմաթիվ դեպքեր գրանցված չեն, իսկ իրականում 3500 վարակակիր կա: Այսօր ասուլիսի ժամանակ տեղեկությունը հրապարակեց «Մենք հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ ներկայացուցիչ Աշոտ Գևորգյանը:

«2007 թվականից դեպքերի աճ է գրանցվում: 2010-ին մոտ 160 էր, 2011-ին` 182: Հիվանդությունը մեծ տարածում ունի Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում և հայաստանցի վարակակիրների 60 տոկոսը հենց այդ երկրներ միգրացիայի ժամանակ են ձեռք բերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ –ը», - ասաց Աշոտ Գևորգյանը:

Նրա խոսքով, Հայաստանում վարակակիրների գլխավոր խնդիրը խտրականությունն է: Օրիանկ, երբ բուժհաստատություններում իմանում են վարակի մասին, պատահում է, որ բժիշկը հրաժարվում է սպասարկել: Այս մասին տեղյակ են ՄԻՊ գրասենյակում:

Առաջնահերթ է նաև արագ թեստավորման խնդիրը: Եթե արտերկրում 5 րոպեի ընթացքում հնարավոր է իմանալ թեստի պատասխանը, Հայաստանում դա կտևի նվազագույնը 5-10 օր:

Վարակի կանխարգելման մասին, հատկապես խոցելի խմբերի շրջանում, այս օրերին Երևանում խորհրդակցություններ են ընթանում` ԵՄ ֆինանսավորմամբ, Ուկրաինայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ միջազգային ալյանսի և «Մենք հանուն քաղաքացիական հասարակության» հ/կ նախաձեռնությամբ: