17 նոյեմբերի 2012 - 15:19 AMT
Գյումրու քաղաքապետին առաջարկում են նախակրթարաններն անվճար դարձնել

«Շիրակ կենտրոնը» սոցիալապես առավել խոցելի ընտանիքների երեխաների համար նախակրթարաններն անվճար դարձնելու մասին դիմում-առաջարկություն է ներկայացրել քաղաքապետ Սամվել Բալասանյանին և ավագանու անդամներին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են «Շիրակ կենտրոնը»-ից: Դիմում-առաջարկության մեջ նշված է.

«Գյումրիում սոցիալապես առավել ծանր պայմաներում են բնակվում տնակային ավանների բազմանդամ և միայնակ մայրերի ընտանիքները: Մեր ուսումնասիրությունները և դիտարկումները ցույց են տվել, որ այդ ընտանիքների մանկահասակ երեխաների մեծ մասը զրկված են նախակրթարաններ հաճախելու հնարավորությունից` հիմնականում պահանջվող վարձավճարները մուծելու միջոցներ չունենալու պատճառով: Այդ երևույթը բացասաբար է ազդում հարյուրավոր երեխաների պատշաճ խնամք ու սնունդ տրամադրելու, ինչպես նաև նրանց ծնողների ու խնամակալների զբաղվածության ապահովման վրա: Ցավոք, աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Գյումրիում նախակրթարանները վճարովի են, այն դեպքում, երբ մայրաքաղաքում դրանք անվճար են:

Առաջարկում ենք 2013 թվականի հունվարի 1-ից Գյումրու սոցիալապես առավել խոցելի ընտանիքների, մասնավորապես` տնակներում բնակվող բազմանդամ և միայնակ մայրերի ընտանիքների, ինչպես նաև ծնողազուրկ երեխաների համար նախակրթարանները դարձնել անվճար: Ակնկալում ենք, որ մեր այս առաջարկությունը կընդգրկեք Գյումրու ավագանու առաջիկա նիստերից մեկի օրակարգում և 2013 թվականի համայնքային բյուջեն հաստատելիս կներառեք հատուկ տող վերը նշված սոցիալական խմբերի երեխաների համար Գյումրու նախակրթարանների վարձավճարները համայնքային բյուջեի միջոցներից տրամադրելու մասին»: