
Զինված ուժերի բուժծառայության կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմական բժիշկներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 1-ին կուրսեցիների երդման արարողությունը:
Ներկաների համար ցուցադրվել է ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչությունում պատրաստված «Կյանքի ու մահվան սահմանում» խորագրով տեսաֆիլմը, որն անդրադարձ է ՀՀ զինված ուժերի բուժծառայության կազմավորման ու զարգացման փուլերին, Արցախյան ազատամարտում հայ բժիշկների գործած հերոսական սխրանքներին, բուժծառայողի աշխատանքին ու կերպարին:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում արժևորել է բուժծառայողների դերն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղ պայմաններում, ընդգծել, որ բժիշկները սխրալից ճանապարհ են անցել Արցախյան ազատամարտի տարիներին, իսկ այսօր էլ ունենք կատարյալ ռազմաբժշկական ծառայություն, որը պատշաճ է իրականացնում իր առջև դրված խնդիրները:
Բուժծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով մի շարք բուժծառայողներ և քաղաքացիական բժիշկներ պարգևատրվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: