16 մայիսի 2005 - 08:22 AMT
ԻՐԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՎՐԱ
Իրանի եւ Հայաստանի ներկայացուցիչները պայմանավորվել են երկու էլեկտրակայան կառուցել Արաքս գետի վրա` երկու երկրների սահմանագծում: Ինչպես հաղորդել է Իրանի հիդրոէներգառեսուրսների զարգացման ընկերությունը, համապատասխան որոշումն ընդունվել է Թեհրանում Իրանի եւ Հայաստանի համատեղ տեխնիկական կոմիտեի յոթերորդ նիստում, որին մասնակցել են Իրանի Հիդրոէներգառեսուրսների զարգացման ընկերության զարգացման նախագծերի հարցերով տեղակալ Նասեր Նեմատին եւ Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Կարեն Սարգսյանը: «Քանի որ Իրանի եւ Հայաստանի համատեղ ջրային սահմանը 40 կիլոմետր շարունակ ձգվում է Արաքսով, կողմերը որոշում են կայացրել օգտագծործել այդ գետի ներուժը»,-հաղորդել է Նեմատին: «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 130 Մեգավատ հզորությամբ առաջին էլեկտրակայանը եւ 18,3 կմ երկարությամբ թունելը կկառուցվեն Հայաստանի տարածքում, իսկ երկրորդ կայանը 140 Մեգավատ հզորությամբ` Իրանի տարածքում»,-ավելացրել է նա: Նեմատիի խոսքերով, երկրորդ էլեկտրակայանի կառուցման համար նույնպես հարկ կլինի 17,5 թունել կառուցել: «Այժմ տարվում են նախագծի առաջին փուլի նախապատրաստական աշխատանքներ»,-հաղորդել է նա: «Ներկա պահի դրությամբ կողմերը հաստատել են հինգ նախագիծ եւ անց են կացրել անհրաժեշտ խորհրդատվություններ եղած դժվարությունները շուտափույթ վերացնելու համար»,-նշել է նաեւ Իրանի հիդրոէներգառեսուրսների ընկերության ներկայացուցիչը, հաղորդում է Irna գործակալությունը: