16 մայիսի 2005 - 08:32 AMT
ՀԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԳՈՐԾԱԾ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՍՊԱՆԱԾ ՍՔԻՆՀԵԴՆԵՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 6 ԵՎ 9 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Մայիսի 14-ին օրինական ուժի մեջ է մտել Մոսկվայի քաղաքային դատարանի վճիռը «Սքինհեդ» ոչ ֆորմալ երիտասարդական խմբի 17-ամյա անդամներ Նիկիտա Վ-ի եւ Ռոման Ս-ի նկատմամբ: Երդվյալ ատենակալների որոշման հիման վրա դատարանը նրանց մեղավոր է ճանաչել սպանության մեջ` կատարված մի խումբ անձնաց կողմից նախնական պայմանավորվածությամբ, ազգային ատելության կամ թշնամանքի պատճառով (ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2 մասի «ժ» եւ «լ» կետերով): Բացի այդ, Նիկիտա Վ-ն մեղավոր է ճանաչվել սպանության փորձի համար` ազգային ատելության եւ թշնամանքի մոտիվով (ՌԴ ՔՕ 105 հոդվածի, 2 մասի «լ» կետ, 30 հոդված, մաս 3): Մոսկվայի Հարավ-արեւելյան վարչական մասի դատախազության քննիչները պարզել են, որ 2003 թվականի դեկտեմբերին մի խումբ դեռահասներ, այդ թվում եւ Նիկիտա Վ-ն, լցված ատելությամբ եւ թշնամանքով ոչ ռուսական ազգության ներկայացուցիչների հանդեպ, հարձակվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գեւորգ Հայրապետյանի վրա: Նրան սկսել են ծեծլ, սակայն տուժածին հաջողվել է փախչել: Նիկիտան հասել է փախչողին եւ դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մեջքին: Հայրապետյանը
ողջ է մնացել միայն անցորդների միջամտության շնորհիվ: Երկու օր անց Նիկիտա Վ-ն, Ռոման Ս-ն եւ այլ անձինք հարձակվել են Ադրբեջանի հանրապետության քաղաքացի Էթիբար Մամեդովի վրա: Նրան երկար ժամանակ ծեծել են, իսկ հետո Նիկիտան եւ Ռոմանը, հանելով դանակները, սպանել են նրան: Երդվյալ ատենակալները Նիկիտա Վ-ին մեղավոր են ճանաչել հանացագործությունների համար: Ռոման Ս-ին, թեեւ համարել են ներողամտության արժանի, նույնպես մեղավոր են ճանաչել: Մոսկվայի քաղաքային դատարանը դատապարտել է Նիկիտա Վ-ին 9 տարի եւ 6 ամսվա ազատազրկման, Ռոման Ս-ին` 6 տարի եւ 6 ամսվա ազատազրկման, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: