19 նոյեմբերի 2012 - 16:02 AMT
Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում

Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ, այսօր նախաձեռնել էր համաժողով-քննարկում՝ կառավարության և ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը համաժողովի բացմանը նշեց, որ քննարկման նպատակն է լսել քաղաքացիական հասարակության և գործադիր իշխանության տեսակետները հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ:

Քննարկմկան մասնակիցներին ողջունեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթթը: Տրայան Հրիստեան, ողջունելով այս ձևաչափով քննարկումները, դրանք համարեց ամուր հիմք ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու համար: Նրա բնորոշմամբ՝ ԵՄ-ի հետ մերձեցման ճանապարհին դրական քայլերն ակնհայտ են, ինչը վկայում է բանակցությունների՝ ճիշտ ուղով ընթանալու և բարեփոխումները Հայաստանում շարունակելու անհրաժեշտության մասին: «Խորհրդարանը իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունն ապահող կամուրջն է»,-ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը` ավելացնելով, որ Ազգային ժողովն անելիքներ ունի նաև Հայաստանի և Եվրամիության օրենսդրությունները ներդաշնակեցնելու գործում՝ պայմանավորված Արևելյան գործընկերության գործողությունների նոր ծրագրով ու Ասոցացման համաձայնագրով: Դագմար Բոթթը ևս համոզմունք հայտնեց, որ խորհրդարանականների այս նախաձեռնությունը կբացահայտի նոր գաղափարներ ու մտքեր, կնպաստի, որ Հայաստանում բարեփոխումներն ընթանան բնակչության պահանջներին համահունչ:

Բրյուսելում անցկացվելիք նիստի օրակարգային հարցերը հաշվի առնելով՝ համաժողովում հնչեց երեք ելույթ: Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության օրակարգը, բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները ներկայացրեց ԱԳՆ Եվրամիության բաժնի պետ Մհեր Մարգարյանը: Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը մանրամասներ հաղորդեց Հայաստան-ԵՄ համագործակցության տնտեսական բաղկացուցչի մասին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ 2012-2013 թթ. համապետական ընտրություններին:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ ԱԺ բոլոր խմբկացություններից: Ավելացնենք, որ հերթական նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում: