19 նոյեմբերի 2012 - 17:24 AMT
Ռուստամյանն ու Զուրաբյանը չեն բացառում միասնական թեկնածուով հանդես գալու հավանականությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՅԴ-ՀԱԿ հանդիպումը, որը տևել է մոտ երկու ժամ: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հանդիպումը դրական է համարում: «ՀՅԴ-ն մանրամասն ներկայացեց իրենց հրապարակած օրակարգային 7 առաջարկությունները: Քննարկեցինք բոլոր կետերը, ինչպես նաև հետագա հնարավոր զարգացումները: Սա համարում եմ քաղաքական ակտիվ նախաձեռնություն: Մեծամասամբ առաջարկներն ընդունելի են, դրանց շուրջ կարելի է քննարկումներ ծավալել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասել է, որ խորքային քննարկում է տեղի ունեցել, որոշ կետերի վերաբերյալ կողմերի մոտեցումները տարբեր են եղել, բայց հիմնական հարցերի վերաբերյալ դիրքորոշումները նույնն են: Արմեն Ռուստամյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չեն բացառել միասնական թեկնածուով հանդես գալու հավանականությունը:

ՀԱԿ-ից քննարկմանը մասնակցել են Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ՕԵԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՕԵԿ-ՀՅԴ հանդիպումը: Կողմերն անդրադարձել են ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին և երկրի առջև ծառացած մարտահրավերներին: