Պաշտպանության նախարարն անձամբ է հետևում զորակոչի անցկացման աշխատանքներին

Պաշտպանության նախարարն անձամբ է հետևում զորակոչի անցկացման աշխատանքներին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ներկա է եղել Սարդարապատի հուշահամալիրի տարածքում տեղի ունեցած 2012թ. աշնանային զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող առաջին նորակոչիկների ճանապարհման արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, զոակոչիկների ծնողներն ու հարազատները, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվության վարչությունից:

Միջոցառման ընթացքում Արմավիրի մարզից զինծառայության զորակոչված և զինված ուժերում բարեխղճորեն ծառայող մի շարք զինծառայողների ծնողների պաշտպանության նախարարը հանձնել է հրամանատարության անձնակազմի շնորհակալական նամակները: Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշել է, որ գերատեսչությունը հետևողական է զորակոչի անցկացման աշխատանքներում, ապահովվել է զորակոչի անցկացման թափանցիկությունը. «Շատ լուրջ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացվում ՊՆ ռազմական ոստիկանության կողմից, փորձում են բացահայտել առկա անարդարությունները»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ զորակոչի անցկացումը գտնվում է գերատեսչության ղեկավարության և անձամբ նախարարի հսկողության ներքո:

Խոսելով զորակոչիկների և ժամկետային զինծառայողի պատրաստության մասին, Սեյրան Օհանյանը նշել է, որ և նորակոչիկները, և անձնակազմը, մասնավորապես` ժամկետային զինծառայողները, պատրաստ են հայրենիքը պաշտպանել. «Մենք ոչ մի մտավախություն չունենք` և մարտական ոգով, և ստորաբաժանումներում տիրող բարոյահոգեբանական մակարդակով նոր սերունդը ոչնչով չի զիջելու մեր սերնդակիցներին, եթե հարկ լինի, ապա ավելի լավ, ավելի խիզախ են պաշտպանելու հայրենիքը, իհարկե, մեր անցած փորձի հիման վրա եւ անմիջական աջակցությամբ»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը և հավելել, որ հատկապես ժամկետային զինծառայողների փոխհարաբերություններում պետք է հանդուրժողականության մթնոլորտ տիրի. «Իհարկե, հասկանում ենք, որ երիտասարդների մեջ ըմբոստ ոգին, երիտասարդական ավյունը խանգարիչ հանգամանք են այս ամենի համար, սակայն բռունցքներով հարցը լուծելու փոխարեն` փոխադարձ հասկացության մթնոլորտում ամեն ինչ ավելի հեշտ է լուծել»,- եզրափակել է Սեյրան Օհանյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---