20 նոյեմբերի 2012 - 10:31 AMT
Անցկացվել է Վիկտոր Ալիխանյանի անվան սամբոյի հուշամրցաշար

Երևանի «Աշխատանք» ընկերության մարզադահլիճում տեղի է ունեցել Հայաստանի վաստակավոր մարզիչ, Հայաստանում սամբո մարզաձևի հիմնադիրներից` Վիկտոր Ալիխանյանի հուշամրցաշարը: Մասնակցում էին Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ ավելի քան 250 պատանի մարզիկներ:

Արդեն 14-րդ անգամ անցկացվող մրցաշարի նպատակն էր սամբոյի հանրահռչակումը, պատանի մարզիկների ուժերի փորձարկումը, ծանոթությունը՝ պաշտոնական մրցումների ընթացակարգին ու մրցավարների նոր սերնդի փորձի ձեռքբերումը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Նախորդ տարի մրցաշարին մասնակցել է 125 մարզիկ, այս տարի այդ թիվը հասել է 286-ի: