17 մայիսի 2005 - 12:02 AMT
ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Երեւանում ավարտվել է հայ-ռուսաստանյան համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը: Հանձնաժողովի համանախագահներն են Հայաստանի փոխխոսնակ Վահան Հովհաննսիյանը եւ Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ռուսաստանյան պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել Պետդումայի 7 պատգամավոր, 4 սենատոր, ՀԴՕ-ից գործարարների մեծ պատվիրակություն: Նիստի օրակարգի հիմնական հարցերի թվում ընդգրկված են Ռուրսաստանին պետպարտքի դիմաց հանձնած հայկական ձեռնարկությունների գործարկմանն առնչվող խնդիրները, ինչպես նաեւ Ռուսաստանի տարածաշրջանների տնտեսական համագործակցությունը, մասնավորապես, ՀԴՕ-ի համագործակցությունը Հայաստանի հետ: Հանրագումարային մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլայ Ռիժկովը նշել է, որ սուր քննարկումներ են կայացել հայկական ձեռնարկությունների, հատկապես` «Մարս» գործարանի եւ երեք ԳԻԻ ճակատագրերի վերաբերյալ: Արտահայտվել են փոխադարձ դժգոհություններ: Նրա խոսքերով` տվյալ հարցը քաղաքական է: Կողմերն արձանագրել են, որ գոյություն ունեն որոշ իրավական հարցեր, որոնք պետք է լուծվեն Ռուսաստանի համապատասխան նախարարությունների կողմից: Հանձնաժողովի հայաստանցի համանախագահ Վահան Հովհաննիսյանի խոսքերով` նիստի ընթացքում պարզվել է, որ ռուսաստանցի գործարարները լուրջ մտահոգություններ ունեն Հայաստանի տնտեսության ազատության եւ մենաշնորհատիրության աստիճանից, որը որոշակի վտանգ է ստեղծում հայկական շուկայում ներդրումների եւ ռուսաստանյան բիզնեսի ներկայության համար: Հայկական կողմը խոստացել է տեղեկացնել ռուսաստանյան կողմին տեղի շուկայում տիրող իրավիճակի մասին` նախապես իրազեկելով Հայաստանի հակամենաշնորհատիրական հանձնաժողովի տեղեկատվությամբ: Բացի այդ Վ.Հովհաննիսյանի խոսքերով` հայկական կողմն առաջարկել է քննարկել մասնավոր ընկերություններին այդ ձեռնարկությունների արժեթղթերի մի մասի հանձնման հարցը, եթե Ռուսաստանը ի վիճակի չէ ապահովել պատվերները եւ ներդրումները: Ընդսմին, ինչպես նշել է Հովհաննիսյանը, հիմնականում այդ ձեռնարկությունները դասվում են ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների թվին, իսկ ռուսաստանյան օրենսդրությունը չի նախատեսում Ռուսաստանի սահմաններից դուրս նման ձեռնարկություններին ուղղված պատվերների կարգը: Հայաստանի հետ ՌԴ սուբյեկտների տնտեսական համագործակցության համատեքստում կողմերը շոշափել են հաղորդակցությունների խնդիրը, մասնավորապես, լաստանավային եւ երկաթուղային հաղորդակցությունների: Ն.Ռիժկովի խոսքերով` հանձնաժողովը պնդում է, որ «Կովկաս» -Պոտի նավահանգիստների միջեւ լաստանավային ուղին սկսի գործել մշտապես 2005 թվականի ամռանից: Նա նաեւ տեղեկացրել է, որ մինչեւ այժմ լաստանավի փորձնական թողարկումներ են կատարվել: Միեւնույն ժամանակ Ռիժկովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացակայության պայմաններում տասնյակ տարիների ընթացքում հայ գործարարները օգտվել են արտահանման եւ ներկրման այլընտրանքային ուղիներից, մասնավորապես, Իրանի, Ուկրաինայի, Ռումինիայի եւ Բուլղարիայի տարածքներով: «Դա ստեղծել է որոշակի գնային քաղաքակունթյուն եւ այդ ամենը հետ շրջելը շատ դժվար է, սակայն անհրաժեշտ է, մենք ունենք լաստանավը լիաբեռնելու խնդիր, ապահովելու այն բեռներով»,- նշել է նա: Ռիժկովը նաեւ ընդգծել է, որ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար անհրաժեշտ է քաղաքական լուծում տալ համապատասխան խնդիրներին: Կողմերը պայմանավորվել են հայ-ռուսաստանյան միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստն անցկացնել 2005 թվականի հոկտեմբերին Մոսկվայում եւ քննարկել հումանիտար բնույթի հարցեր, մասնավորապես, կրթության եւ գիտության խնդիրներ: Նշենք, որ այսօր Երեւանում կայացել է Հայ-ռուսաստանյան գործարար համագործակցության ասոցիացիայի (ԱՌԱԴԵՍ) նիստը: