20 նոյեմբերի 2012 - 18:15 AMT
Վրաստանի կրթության նախարարը և Վրաստանում ՀՀ դեսպանը քննարկել են հայկական դպրոցներին առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վրաստանի նորանշանակ նախարարների հետ: Նոյեմբերի 20-ին դեսպան Մանուկյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման նպատակը ծանոթությունն էր Վրաստանի կրթական քաղաքականությանը, մասնավորապես` երկլեզու դպրոցների նկատմամբ որդեգրվելիք մոտեցումներին, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև համագործակցության և երկկողմ հարաբերություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:

Վրաստանի կրթության և գիտության նախարարի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին Վրաստանի տարածքում գտնվող հայկական դպրոցների ուսուցչական կազմին և աշակերտությանը հուզող, մասնավորապես` հայոց լեզվի և գրականության դասագրքերի, հայերենի դասավանդման ժամերի քանակի, ինչպես նաև երկլեզու ուսուցման հիմնախնդիրների հետ կապված բազմաբնույթ հարցեր: