20 նոյեմբերի 2012 - 19:10 AMT
2012 թվականի երրորդ եռամսյակում 127 մարդ դատապարտվել է կաշառք վերցնելու համար

2012 թ. երրորդ եռամսյակում դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 93 քրեական գործ` 132 անձի նկատմամբ, որոնցից դատապարտվել է 127 անձ` 88 քրեական գործով: Ընդ որում դրանցից 33 քրեական գործով 51 անձի նկատմամբ կիրառվել է դատական քննության արագացված կարգ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Դատապարտված 127 անձից 52-ը կամ դատապարտված անձանց 40.9 %-ը եղել են պաշտոնատար անձինք: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության դատարաններում լսված բոլոր քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է 1 մլրդ.448 մլն. 361 հազ. դրամ, որից պետությանը պատճառված վնասը` 1 մլրդ. 368 մլն. 850 հազ. դրամ: Պետությանը պատճառված նյութական վնասից վերականգնվել է 429 մլն. 464 հազ. դրամ կամ 31.3 %-ը:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում դատարան ուղարկված 17 քրեական գործից 16 քրեական գործով 18 անձանցից 15-ը դատապարտվել է ազատազրկման, իսկ 3-ը` տուգանքի, այսինքն` ազատազրկումը կազմել է 83.3%: