Արցախի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել ամերիկահայերի դերը ԼՂՀ զարգացմանն աջակցելու գործում

Արցախի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել ամերիկահայերի դերը ԼՂՀ զարգացմանն աջակցելու գործում

PanARMENIAN.Net - Շարունակվում է ԼՂՀ պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի նախապատրաստման շրջանակներում:

Ինչպես հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, երեկ ԼՂՀ պատվիրակությունն այցելեց Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան եւ հանդիպում ունեցավ թեմակալ առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի անդամների հետ: Ողջունելով Արցախի պատվիրակությանը, Հովնան սրբազանը հավաստեց առաջիկա հեռուստամարաթոնին ԱՄՆ Արեւմտյան ափի հայության մասնակցությունը:

Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է բարերար Իսահակ Վարդանյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում սոցիալական ծրագրերի հեռանկարներին վերաբերող հարցեր, հաղորդում է karabakh-open.info-ն:

Հաջորդ հանդիպումը կայացել է Շուշիում տարբեր ծրագրեր իրականացնող ամերիկահայ բարերարների հետ՝ Ալեք Բաղդասարյանի գլխավորությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են Շուշիում նոր ծրագրեր իրականացնելու գաղափարներ եւ սպասվող հեռուստամարաթոնին ներկայացված ծրագրի որոշ մանրամասներ:

Նույն օրը երեկոյան կայացել է ԼՂՀ պատվիրակության հանդիպումն Ամերիկայի հայկական համագումարի ԱՄՆ Արեւմտյան ափի գրասենյակի պատասխանատուների հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային կարեւորություն ներկայացնող խնդիրներ: Աշոտ Ղուլյանը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի դերակատարությունն Արցախի շահերն ԱՄՆ-ում պաշտպանելու գործում:

Արցախի հանրապետության պատվիրակությունն այցելել է նաեւ Լոս Անջելես քաղաքում ՀՀ հյուպատոսություն, հանդիպում ունեցել գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի եւ անձնակազմի հետ:

Օրվա ավարտին բարերարներ Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյանների տանը տեղի է ունեցել ընդունելություն Արցախի պատվիրակության պատվին, որին ներկա էին տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները:

Հանդես գալով ընդունելությանը՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի մեր հայրենակիցների դերը Արցախին սատարելու գործում եւ նրանց կոչ է արել շարունակել ազգանվեր գործունեությունը հանուն հայրենիքի զորացման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---