21 նոյեմբերի 2012 - 10:15 AMT
«Առավոտ». Գյումրու քաղաքապետարանը 6 տարի շարունակ տարեկան 40 հազար դոլար հեռախոսավճար է մուծել

«Առավոտ»-ը գրում է, որ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրություն է ուղարկել Գյումրու քաղաքապետարան՝ խնդրելով 49 հեռախոսահամարների վերջին 6 տարվա կոդոգրումները։

Պարզվել է, որ քաղաքապետարանը տարեկան 30-40 հազար դոլարի հեռախոսավճար է մուծել, սակայն, ըստ Լևոն Բարսեղյանի, իրեն պատասխանել են, որ կոդոգրում ձեռքի տակ չունեն, գումարը մուծել են, սակայն չեն պահանջել։ Լևոն Բարսեղյանը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին առաջարկել է դրանք վերցնել «ԱրմենՏելից», քանի որ, որպես վճարող, միայն ինքն իրավունք ունի կոդոգրում պահանջելու։

«Հետաքրքիր է, այսքան ժամանակ ձեր փողերով ո՞ւր են զանգել, ո՞ւմ հետ են խոսել, չի բացառվում, որ 40 հազար դոլարից 20 հազարը 1-2 տեղ զանգած լինեն»,– իր կասկածները հայտնեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի՝ 10,5 մլն դրամի հեռախոսավճար մուծել են 2010 թվականին, 11,5 մլն դրամ՝ 2011 թվականին, 13,5 մլն՝ վերջին տասն ամսվա ընթացքում։

Նա նաև մեջբերեց իր հիմնարկի փորձը, երբ 100 հազար դրամն անցնում է, անմիջապես կոդոգրում է պահանջում՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է գումարն ավելացել, մինչդեռ Վարդան Ղուկասյանի օրոք քաղաքի պաշտոնյաներն աղքատ գյումրեցիների հաշվին ճոխ-ճոխ խոսել են»,-գրում է թերթը։