21 նոյեմբերի 2012 - 12:54 AMT
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը նշում է իր 5-ամյա տարեդարձը

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը նշում է իր գործունեության 5-ամյա տարեդարձը: Ինչպես հաղորդել է լրագրողների հետ զրույցում միության նախագահ Գագիկ Մակարյանը, այսօրվա դրությամբ միության անդամներ են ավելի քան 10 000 ձեռնարկատերեր, կառույցում միավորված են նաև ոլորտային ասոցիացիաներ:

Ինչպես նշել է կառույցի ղեկավարը, միության գերակայությունների շարքում են սոցիալական գործընկերությունը, զբաղվածությունը, այդ թվում` երիտասարդության շարքում, արտահանման, փոքր և միջին ձեռնարկատիրության խթանումը, ինչպես նաև կանանց շարքում ձեռնարկատիրության խթանումը, մարզերում ձեռնարկատիրության զարգացումը, երկրում գործարար միջավայրի հետևողական բարելավումը և այլն:

Մակարյանը նաև կարևորել է միջազգային համագործակցությունը, քանի որ անցած տարվանից ՀԳՀՄ-ը Գործատուների միջազգային կազմակերպության անդամ է, որի մեջ մտնում են 158 երկրների ներկայացուցիչներ: «Մեզ հասանելի է հսկայական տեղեկատվական բազա արտաքին շուկաներ դուրս գալու համար»,- ասել է նա:

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) (www.employers.am) հիմնվել է 2007-ի նոյեմբերի 15-ին՝ ելնելով երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներով և իրավական դաշտի վիճակով պայմանավորված անհրաժեշտությունից։ Միությունը հիմնվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և «Գործատուների միությունների մասին» օրենքի (ընդունվել է 2007-ի փետրվարին) պահանջներին համապատասխան։

ՀԳՀՄ-ն ինքնաֆինանսավորվող, ինքնակառավարվող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը, ՀՀ օրենսդրության համաձայն, որպես իրավաբանական անձ գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության պետական գրանցամատյանում: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և «Գործատուների միությունների մասին» օրենքի համաձայն, գործատուները և աշխատողներն իրենց հարաբերությունները կարգավորում են սոցիալական գործընկերության միջոցով, որը և ապահովում է գործատուների և աշխատողների միջև փոխհարաբերությունները և պաշտպանում փոխհամաձայնությունը աշխատանքային ոլորտում։