21 նոյեմբերի 2012 - 17:07 AMT
Կոտայքի մարզի երկու ջրանցքների վերականգնման աշխատանքների 60 տոկոսն արված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ծանոթացավ Կոտայքի մարզում իրականացվող պետական ծրագրերի ընթացքին: Մարզպետ Կ. Շահգալդյանի և «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Ա. Ղազարյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ եղավ Արզնի Շամիրամ 1-ին հերթի ջրանցքի և «Արզնու ճյուղ» ջրանցքի վերականգնվող հատվածներում, ծանոթացավ աշխատանքներին, որոնք իրականացվում են «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով: Զեկուցվեց, որ աշխատանքների մոտ 60 տոկոսը կատարված է, հիմնական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Ծրագրով նախատեսվում է վերականգնել Արզնի Շամիրամ 1-ին հերթի ջրանցքի 7,9 կմ և «Արզնու ճյուղ» ջրանցքի 9,1 կմ հատվածները:

Կոտայքի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացված 96 մլն դրամով Պռոշյան համայնքում կառուցվել է նոր` 3,4 կմ երկարությամբ ոռոգման ցանց, ինչը հնարավորություն կտա ոռոգելի դարձնել լրացուցիչ 180 հա տարածք: Կառուցվել է նաև համայնքի նոր թաղամասի 1,2 կմ երկարությամբ խմելու ջրագիծը, որի համար նույն ծրագրով 24 մլն դրամ է հատկացվել: Փոխվարչապետը ծանոթացավ կատարված աշխատանքներին, տեղում նաև համայնքապետի հետ քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման, ընթացիկ ծրագրերի հետ կապված հարցեր:

Այցի ընթացքում Ա. Գևորգյանն անդրադարձավ Կոտայքի մարզում «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված ցուցանիշներին` նշելով, որ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը բնակիչները կարող են օգտվել սահմանված արտոնություններից` վճարելով հողի հարկի և գույքահարկի մասով ունեցած պարտքի մայր գումարը` ազատվել տույժերից: Նա հորդորեց համապատասխան իրազեկման աշխատանքներ իրականացնել բնակիչների շրջանում, հայտնում է ՀՀ ՏԿՆ մամուլի ծառայությունը: