23 նոյեմբերի 2012 - 09:39 AMT
«Հրապարակ». Նախագահի նոր թեկնածուն հնարավոր է՝ կին լինի

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում ոչ միայն քաղաքական շրջանակների, այլև երիտասարդության հետ: Այդ մասին թերթին պատմել է այդ հանդիպումներին մասնակցած ուսանողներից մեկը, ով շատ ոգևորված է եղել հանդիպումից:

«Լուրը ճշտելու նպատակով դիմեցինք Նարինե Մկրտչյանին, ով հաստատեց, որ նման հանդիպումներ լինում են, և ավելացրեց՝ ինչո՞ւ միայն քաղաքական գործիչների և ուսանողների հետ, ես նաև գործարարների հետ եմ հանդիպել, այն գործարարների, ովքեր մտահոգ են երկրի ներկայով և ապագայով:

Ի պատասխան մեր հարցի, թե պատրաստվո՞ւմ է առաջադրվել առաջիկա նախագահի ընտրություններում, Նարինե Մկրտչյանն ասաց, որ առաջիկայում հրապարակային հանդիպումներ կունենա, որոնց կհրավիրվեն նաև ԶԼՄ-ները, և հասարակությանը հայտնի կդառնա իր որոշումը»,- գրում է թերթը: