23 նոյեմբերի 2012 - 12:51 AMT
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մենահամերգ կունենա Երևանում

Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համեգասրահում տեղի կունենա հանրահայտ թավջութակահար, Չայկովսկու անվան մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանի մենահամերգը: Ինչպես հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից, ելույթը տեղի կունենա «ՉուխաջյանՖեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում:

Թավջութակահարին կնվագակցի նրա մայրը` դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը:

Երեկոն կնվիրվի հայ մեծ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիշատակին: Ծրագրում կհնչեն Առնո Բաբաջյանի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի, Էդուարդ Հայրապետյանի և Սուրեն Զաքարյանի ստեղծագործությունները:

Հիշեցնենք, որ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը անցկացվում է 2010թ-ից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:Փառատոնի առաջին համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: 2012թ-ին Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին, և կրում է «ՉուխաջյանՖեստ» անունը: Այն նվիրվսծ է նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 80-ամյակին: Փառատոնը կեզրափակվի մինչև դեկտեմբերի 19-ը: