23 նոյեմբերի 2012 - 14:15 AMT
2012-ի 9 ամիսների տվյալներով «ՎՏԲ-Հայաստան Բանկի» մաքուր շահույթը կազմել է 2,5 մլրդ դրամ

Նոյեմբերի 23-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ամփոփել է 2012-ի առաջին 9 ամիսների իր գործունեության արդյունքները:

2012-ի 9 ամիսների տվյալներով «ՎՏԲ-Հայաստան Բանկի» մաքուր շահույթը կազմել է 2,5 մլրդ դրամ, իսկ մինչև տարեվերջ բանկը մտադիր է հասնել 4,5 մլրդ դրամ մակարդակի»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն Յուրի Գուսևը: Հիմնական գործունեությունից եկամուտը կազմել է 12,2 մլն դրամ` 2011-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 21,5 տոկոսով: Կապիտալի շահութաբերության գործակիցը (ROE) և ակտիվների (ROA) կազմել են համապատասխանաբար 11,6 և 1,8 տոկոս:

Բանկիրն ուշադրություն է դարձրել ընդհանուր վարկային պորտֆելի աճին, որտեղ արձանագրվել է փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման զգալի աճ` 12 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի պորտֆելը 2011-ի երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 36,8 տոկոսով` կազմելով 60,9 մլրդ դրամ: Կորպորատիվ բիզնեսի հաճախորդների վարկային պորտֆելն աճել է 21,5 տոկոսով և կազմել 86,8 մլրդ դրամ:

Հաճախորդներիդ ներգրաված միջոցների ծավալը կազմել է 105,144 մլրդ դրամ, հաշվետու շրջանում բանկի ծառայություններից օգտվել են 337 հազար ֆիզիկական և 5 հազար իրավանաբական անձինք:

Իր հերթին ՎՏԲ24-ի միջազգային բիզնեսի կառավարման պետ, փոխնախագահ Վսեվոլոդ Սմակովը հավելել է, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հաջողակ գործունեությունը ՎՏԲ խմբի ռազմավարությունում թույլ կտա նրան ամրապնդել իր դիրքերը, հատկապես մանրածախ հատվածում: «Շատ ցուցանիշներով բանկը շուկայի առաջատարն է, և այդ դրական դինամիկան արտացոլվում է բանկի ֆինանսական ցուցանիշներում»,- ասել է նա:

Խոսելով բանկի պլանների մասին` բանկիրներն առանձնացել են ՓՄՁ վարկավորումը, ինչպես նաև միկովարկավորման հատված մտնելու մտադրությունը, դիստանցիոն ծառայությունների ներմուծումը և ընդլայնումը, ինտերնետ բանկինգի զարգացումը, գերակայությունների շարքում` առևտրի ֆինանսավորման ծառայությունները, մասնավորապես, ֆակտորինգը: