23 նոյեմբերի 2012 - 15:53 AMT
Ահարոն Ադիբեկյան. Նույնիսկ եթե հիմնական մրցակիցները Սարգսյանն ու Ծառուկյանը լինեն, միևնույնն է, կհաղթի առաջինը

Հայ հասարակության 35-40 տոկոսը չի հետևում նախագահական ընտրություններին և անտարբեր է: 60 տոկոսը, որ հետևում է, պահապանողական է, և նրա ուղիղ կեսը իր ձայնը կտա իշխանություններին: Իսկ ընտրությունների ելքը կորոշեն մնացած 5 տոկոսի ձայները: Ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօերն Ահարոն Ադիբեկյանի՝ իշխանամետ ընտրազանգվածի ձայները բաժանված են՝ մի մասը ՀՀԿ-ին, մի մասն ՕԵԿ-ին, մի մասն էլ ԲՀԿ-ին: Եվ եթե գալիք նախագահական ընտրություններում հիմնական մրցակիցները լինեն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, ապա, չնայած, որ Ծառուկյանը ձայների լուրջ քանակ կստանա, միևնույնն է հաղթողը գործող նախագահն է լինելու: «Սերժ Սարգսյանի շանսերը մեծ են, քանի որ Հայաստանի մարզերի մեծ մասը իրենց գյուղերով ղեկավարում են ՀՀԿ-ականները: ՀՀԿ-ն ունի 1400 շտաբ, որոնցից 400 մշտապես գործում են: Բայց ասել, որ ՀՀԿ-ն իշխանության է գալիս բացառապես ադմինիստրատիվ ռեսուրսով, չափազանց է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգը:

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչներին, Ադիբեկյանը նկատեց, որ առանձին-առանձին նրանք որևէ լուրջ արդյունքի հասնել չեն կարողանա: Ռաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած քաղաքականությունը՝ թե «եթե լինեն արդար ընտրություններ, ապա կհաղթեմ», սոցիոլոգը սխալ է համարում, քանի որ այսպիսով նա արդարացնում է իր՝ ակնկալվող պարտությունը: «Լևոն Տեր-Պետրոսյանը շանս չունի, դա պարզ դարձավ 2008-ի ընտրություններին: Այն ժամանակ նա հավաքեց 25 տոկոս: Դա լավ թիվ է, երբ դու սկսնակ ես, բայց երբ գտնվում ես արևամուտում, դա խղճուկ թիվ է»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: Նրա բնորոշմամբ՝ ընդդիմությունը կարող է լուրջ արդյունքի հասնել, եթե միավորվի ԲՀԿ-ի շուրջ և նրանից ձայներ «չփախցնի»: