ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎ. 7 ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԴԱ ԴԵՌԵՎՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների վարշավյան հանդիպումը պետք է գնահատվի որպես կարեւոր հանդիպում: Նրա կարեւորությունը կայանում է նրանում, որ այնտեղ քննարկվող հարցերը վերաբերում էին անմիջապես ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, կարելի համարել, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել քննարկումները: Դիվանագետը նշել է, որ վարշավյան հանդիպումից հետո բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով կշարունակվեն մոտ ժամանակներս: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ նախագահների մակարդակով քննարկվող հարցերի թվում եղել են մի քանի տարրեր: «Խոսքը գնում է 7-9 տարրերի մասին: Դրանք են` գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրս բերման հարցը, այդ հողերի վերադարձը, անվտանգության երաշխիքները, պայմանների ստեղծումը տեղի բնակչության վերադարձի համար, տարածքի ականազերծումը եւ վերականգնումը: Միեւնույն ժամանակ համաձայնեցվել է, որ նուրբ քաղաքական հարցերը կարող են քննարկվել հաջորդ փուլերում: Մենք գտնում ենք, որ այդ բոլոր ուղղությունների վերաբերյալ կա պարզություն, ինչը եւս կարելի համարել կարեւոր ձեռքբերում»,-ասել է Ազիմովը: Նրա խոսքերով, «գրավյալ տարածքների ազատումը Ադրբեջանի դիրքորոշման բուն էությունն է»: «Սակայն ազատագրումը դեռեւս խնդրի լիակատար լուծում չէ: Կան նաեւ այնտեղ ադրբեջանական բնակչության վերադրձի, հայկական բնակչության հետ գոյակցության հարցը, ինչպես նաեւ կարեւոր քաղաքական հարցերի լուծման խնդիրը»,-ընդգծել է դիվանագետը: Ազիմովը նկատել է, որ հակամարտության կարգավորման շրջանակներում պետք է վերականգնվեն բոլոր կոմունիկացիաները, այդ թվում Նախիչեւանը Ադրբեջանին կապող երկաթուղին, որն անցնում է Հայաստանի Մեղրու շրջանով: «Դա շահավետ է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Իրանի համար, քանի որ այդ երկաթուղին ոչ միայն միացնում է երկու երկրները, այն նաեւ տարածաշրջանային ցանցի մաս է: Ըստ այդմ նրա վերականգնումը պետք է իրականացվի կարգավորման շրջանակներում»,-ասել է Ազիմովը: Նա տեղեկացրել է նաեւ, որ մինչեւ արտգործնախարարների հանդիպումը ակնկալվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածշրջան, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:


 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---