23 նոյեմբերի 2012 - 18:06 AMT
Քաղաքագետ. Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ պատրաստ չէ և չի էլ պատրաստվում որևէ փոփոխություն անել

Վերջին չորս տարիների կառավարման ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ պատրաստ չէ և չի էլ պատրաստվում որևէ փոփոխություն անել: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը վստահություն հայտնեց, որ նախագահական ընտրություններում հաղթանակը Սերժ Սարգսյանն է տոնելու: «Մենք վստահ ենք, որ մեր թեկնածուն, ունենալով մեծ քաղաքական փորձ, լինելով Հայաստանի անկախության ճանապարհին ընկած բոլոր խնդիրների լուծման ակունքներում, առաջնորդվելով պետական և ազգային շահերով, հնարավորություն է ունենալու ընտրվելու նաև երկրորդ ժամկետում»,- ասաց նա: Հարցին, թե ինչու նախորդ չորս տարիներին գործող նախագահը լուրջ փոփոխություններ չարեց, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ դա պայմանավորված էր մի շարք համաշխարհային գործընթացներով, իսկ կառավարման երկրորդ փուլում էական փոփոխությունները տեսանելի կլինեն: Ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի՝ շատ քիչ մարդիկ կգտնվեն, որոնք կհավատան Արտակ Զաքարյանի այս խոսքերին: «Բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կառավարման ժամանակ ձախողվել են, ըստ էության, տարբեր պատճառաբանություններ կարող են բերել, բայց արդյունքը նույնն է՝ չեն ցանկացել, կամ չեն կարողացել, իսկ փոփոխություն չկա»,- նկատեց Երվանդ Բոզոյանը: