24 հուլիսի 2003 - 19:54 AMT
ԲԱՔՈՒՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՎՈՂ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Անկարայում Ադրբեջանի դեսպանությունը դիմել է Թուրքիայի հեռուստա- եւ ռադիոհեռարձակման կազմակերպությանը բողոքելով տեղական «Star» հեռուստաալիքի դեմ, որը հուլիսի 22-ին սյուժե էր տարածել նախագահ Հեյդար Ալիեւի «Գյուլհանե» ռազմա-բժշկական հոսպիտալում բուժման համար ծախսվող գումարների մասին: Այդ մասին նախօրեին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը: Նրա կարծիքով, սյուժեում ներկայացվել են անհավատալի, ուռճացված գումարներ: Մինչդեռ, «Star»-ի տվյալներով, ամեն ամիս Թուրքիայում Ալիեւի բուժման վրա ծախսվում է 34 մլն դոլար, որոց մեծ մասն ուղղորդվում է թանկարժեք դեղերի եւ սպասարկման վրա:«Star»-ը թյուր, զրպարտիչ տեղեկություն է տարածել եւ ես հուսով եմ, որ Թուրքիայի հեռուստա-ռադիոկազմակերպությունը որոշում կկայացնի հեռուստաալիքի փակման մասին», - ասել է ադրբեջանցի դեսպանը: Նա նաեւ հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահի առողջական վիճակը բարվոք է, սակայն, այնուամենայնիվ, բժշկական հետազոտությունը կշարունակվի եւս մի քանի օր: