26 նոյեմբերի 2012 - 12:01 AMT
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Դատախազության հարգելի աշխատակիցներ և վետերաններ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Դատախազությունը հանդիսանում է այն կարևորագույն կառույցներից մեկը, որն առանցքային դերակատարություն ունի Արցախի պետականության ամրապնդման ու զորացման գործում: Համակարգի ամենօրյա սկզբունքային ու հետևողական աշխատանքից է նաև կախված մեր հանրապետությունում օրինականության պահպանումը, հասարակության անվտանգության ապահովումը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը»,-ասվում է նախագահի ուղերձում:

Ինչպես նշում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահը հավելել է նաև. «Դատախազության առջև դրված խնդիրների լրջությունն ու պատասխանատվությունը նրա յուրաքանչյուր աշխատակցից պահանջում են արհեստավարժություն, հայրենի երկրի ու հարազատ ժողովրդի հանդեպ պարտքի բարձր զգացում: Եվ վստահ եմ, որ այսուհետ էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն դրանք հաջողությամբ լուծելու, համակարգի աշխատանքի արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ»:

Նախագահը նշել է, որ ԼՂՀ իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում կպահեն նրանց աշխատանքային ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված հարցերը:

«Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության օրվա առթիվ և մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»,-եզրափակել է ԼՂՀ նախագահը: