Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության մասին

Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության մասին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը վերադարձավ Բաքվից, որտեղ նոյեմբերի 21-24-ը մասնակցում էր Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին: Համաժողովին մասնակցում էին Ասիայի 25 երկրների 60 քաղաքական կուսակցությունների 250 պատվիրակներ, ինչպես նաև հյուրընկալող երկրի գործիչներ:

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, որը հանգուցային է եղել ասամբլեայի նոյեմբերի 23-ի առաջին լիագումար նիստում, ամբողջապես ներկայացվում է ստորև:

«Ես կխոսեմ, բայց միայն մեկ անգամ, հետևաբար՝ բացարձակ հստակությամբ: Ասիայում խաղաղության, անվտանգության և հաշտեցման բարեհույս փնտրտուքով ես եկա այս հրաշալի քաղաքը` Բաքու, որտեղ ժամանակին՝ մինչև 1990-ի հունվարյան բռնի տեղահանությունն ու արտաքսումը, հարյուր հազարավոր հայեր են բնակվել: Հայերի երբեմնի ներկայությունից այսօր լոկ մի խոնարհված ու անխաչ եկեղեցի է մնացել, այն էլ այժմ փակ է և ծառայում է այլ նպատակների: Փաստացի այսօր Բաքվում չկա հայ, ու թեև մեր ադրբեջանցի գործընկերները հայտարարում են մի քանի հազար էթնիկ հայերի թվի մասին, դրա որևէ վկայություն չգտա: Ես իշխանություններին հորդորել էի ինձ համար հանդիպում կազմակերպել թեկուզ մեկ հայի հետ, ով կհամարձակվեր իր հայկական ինքնությամբ ներկայանալ մերօրյա Բաքվում:

Ես այստեղ էի եկել բոլորովին այլ՝ երկխոսության ոգով և մտադրությամբ, սակայն անմիջապես բախվեցի դաժան, թեև սպասելի իրականության, որ գոյանում է հատվածապաշտությունից, ատելության քարոզչությունից, կրկնվող ռազմաշունչ հռետորաբանությունից, անմարդաբարո այլատյացությունից և սահմափակ դիրքորոշումների ոչ ճիշտ ներկայացումից, ինչն առկա է ոչ միայն հասարակական-քաղաքական շրջանակներում, այլև նախագահական մակարդակում: Առկա է այն ամենը, ինչ հակասում է ICAPP-ի գաղափարներին և սկզբունքներին:

Մեր տարածաշրջանում չեն կարող լինել խաղաղություն, անվտանգություն և հաշտեցում այնքան ժամանակ, քանի դեռ. 1) Ադրբեջանը դատապարտված պատերազմ է սանձազերծում Լեռնային Ղարաբաղի և նրա ազատատենչ ժողովրդի, ինչպես նաև իր իսկ ներսում ապրող փոքրամասնությունների դեմ և հետո իր ձախողումների համար մեղադրում ինքնապաշպանության դիմողներին,

2) Ադրբեջանը մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման պաշտոնական քաղաքականություն է վարում, ինչն առանձնապես դրսևորվեց 2005-ի դեկտեմբերին, երբ Նախիջևանում՝ Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատանը, օրը ցերեկով հազարավոր ձեռակերտ խաչքարեր ոչնչացվեցին: Դա պատերազմական գործողությունների կողմնակի հետևանք չէր, այլ կատարվեց հրադադարի հաստատումից 11 տարի հետո և հակամարտության գոտուց հարյուրավոր մղոններ հեռու: Վայրում, ուր այդ ամոթալի սրբապղծությունը կատարվեց, մինչև օրս արգելափակվում է միջազգային բոլոր առաքելությունների մուտքը,

3) Ադրբեջանը շարունակում է ազատ արձակել և փառաբանել կացնահարող մարդասպաններին լոկ այն պատճառով, որ զոհը հայ է, և ատելության այդ վախկոտ դրսևորումը դատապարտող գեթ մեկ ձայն չի հնչում այն միջավայրում, որի մասին ICAPP-ի հիմնադիրը արտահայտվեց՝ իբրև «համապարփակ ժողովրդավարության», և

4) Ադրբեջանը բառերի ու եզրույթների անիմաստ պատերազմում այսպիսի միջոցառումները ծառայեցնում է «զավթման» եզրաբանության անցնելու համար մի բանի մասին, որն իրականում ազատագրում էր, ապագաղութացում և ինքնորոշման` յուրաքանչյուրին տրված իրավունք: Մինչդեռ «զավթում» բառը շատ ավելի կիրառելի է Շահումյանից և Նախիջևանից մինչև Հայկական բարձրավանդակի արևմտյան սահմաններն ընկած հայրենի ժառանգություն ընդարձակ տարածքների հանդեպ ադրբեջանական և թուրքական հսկողության բնութագրման համար, որը հաստատվել է ցեղասպանության, էթնիկ զտումների և պաշտոնական խայտառակ ուրացման ճանապարհով:

Խաղաղությունը, անվտանգությունը և հաշտեցումը, այնուամենայնիվ, հնարավոր են, եթե բոլորս առաջնորդվենք նույն չափանիշներով.

1) Ջանանք հասնել դրական, արդյունավետ ինքնաքննադատությամբ օժտված կառավարման, հանրային հաշվետվողականության, ընդունենք հավասար քաղաքացիական իրավունքներ և մարդկային արժանապատվություն երաշխավորելու պատասխանատվությունը` մեր իսկ ժողովրդի, ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, փոքրամասնությունների նկատմամբ,

2) Հզորացնենք շարքային քաղաքացուն, քաղաքացիական հասարակությունը և իրական ժողովրդավարությունը, ոչ թե գերդաստանային կամ բռնատիրական իշխանավարումը,

3) Ճանաչենք բոլոր հին, թե նոր պետությունների ազատությունը, ինքնիշխանությունը և ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի համար վերադարձը status quo ante-ի անհնար է, մինչդեռ ճանաչումն իր սահմանադրական սահմաններում հնարավոր կդարձնի բոլոր ազգությունների բոլոր փախստականների միաժամանակյա, բազմակողմանի և համարժեք վերադարձը, և ոչ միայն՝ տարագրված ադրբեջանցիներինը, այլև ավելի քան կես միլիոն հայերինը, ովքեր տեղահանվել են Շահումյանից, Նախիջևանից, Արծվաշենից և բուն Ադրբեջանից, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության և Մեծ հայրենազրկման զոհերի ու վերապրողների շառավիղների վերադարձը,

4) Պահպանենք բոլոր մշակույթների ժառանգությունը և դատապարտենք այդ ժառանգության հանդեպ բոլոր ոտնձգությունները՝ լինի դա իսլամական մշակույթ, բուդդայական, հինդու, հրեական, քրիստոնեական, թե այլ,

5) Կանխվեն և պատժվեն բոլոր ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները, և

6) Դրսևորվի մարդկայնություն ու գերակայի այն գիտակցությունը, որ վիշտը և տառապանքը ընդհարական են, այս առնչությամբ նաև արժանին մատուցվի հազարավոր բարեպաշտ թուրք հարևաններին, ովքեր այդ մարդկայնությունը դրսևորեցին՝ փրկելով հայերին, ներառյալ իմ մեծ մորը 1915-ի ցեղասպանության օրերին, ինչպես նաև հարյուրավոր բարեգութ ադրբեջանցիներին, ովքեր ջանացել են նույնն անել տասնամյակներ անց Սումգայիթի և Բաքվի հայկական կոտարածների ժամանակ:

Սրա համար ես երախտագետ եմ: Եվ լավատես եմ վաղվա օրվա հանդեպ՝ ի սեր մեր գալիք սերունդների: Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեր սիրալիր հրավերի, հյուրընկալության և ճշմարտության հանդեպ համակ ուշադրության համար՝ որքան էլ այն կարող է ահավոր կամ անհաճո համարվել»,-ասեփլ է Րաֆֆի Հովհանիսյանն իր ելույթում, հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---