24 մայիսի 2005 - 10:46 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՆՈՐՄԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԻՆ
Մայիսի 23-ին Հայաստանի ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը, Բենիլույքսի երկրներ պաշտոնական այցի շրջանակներում, ժամանել է Բրյուսել, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Պատվիրակության կազմում են երկրի հիմնական քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ իշխանության կոալիցիայի երեք կուսակցությունների, ինչպես նաեւ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները: ԵՄ դիվանագիտական առաքելությունների` այդ թվում նաեւ Թուրքիայի, Ուկրաինայի,Ադրբեջանի, Բուլղարիայի եւ այլն, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ «Եվրասիա » հիմնադրամի, Բաց հասարակության ինստիտուտի եւ մի շարք եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում շոշափվել են Հայաստանի քաղաքական օրակարգի արդի թեմաները: Կողմերը քննարկել են երկրի ժողովրդավարության գործընթացը, ղարաբաղյան կարգավորման եւ Թուրքիայի հետ փոխհարաբերություններին առնչվող խնդիրներ: «Հայաստանը կողմ է բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալուն»,-դիմելով ներկաներին` հայտարարել է հայ խոսնակը: «Խորհրդարանների ներդրումն այդ հարցում կլինի Հարավկովկասյան խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը` արդեն գործող Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնության հիման վրա»,- շարունակել է Բաղդասարյանը` ավելացնելով, որ նման կառույցի ստեղծումը թույլ կտա կարգավորել քաղաքական, տնտեսական ու գիտամշակութային կապերի հաստատման ու զարգացման հնարավորությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ նա նշել է, որ Հայաստանը կողմ է խաղաղ ճանապարհով` բանակցությունների եւ փոխզիջումների միջոցով հակամարտության կարգավորմանը: Իր հերթին «Արդարություն» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը նշել է, որ «Ղարաբաղի ժողովուրդն իր պայքարն սկսել է Ադրբեջանից անկախանալու համար եւ օգտագործել է միջազգային օրենքներին համապատասխան բոլոր իրավունքները, ուստի այլ կարգավիճակ չի կարող ակնկալվել»: «Փոխզիջումներն անհրաժեշտ են, որովհետեւ ընթացքում բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել. եղել է պատերազմ, առաջացել է փախստականների, տարածքների հարցը` այդ շրջանակում կարող են լինել փոխզիջումները»: Հանդիպման ընթացքում Եվրամիությունում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը փորձել է վերստին կապել հայ-թուրքական սահմանի բացման հարցն այն փաստին, որ «Հայաստանը չի ճանաչում Թուրքիայի սահմանները եւ իբր իր Սահմանադրության մեջ անդրադարձ ունի Արեւմտյան Հայաստանին»: Հայաստանի խոսնակն ընդգծել է, որ նման հիշեցում Հայաստանի Սահմանադրությունում չկա, եւ խորհուրդ է տվել թուրք դիվանագետին ծանոթանալՀայաստանի Հիմնական օերնքին` ինտերնետից օգտվելով: «Մենք կարծում ենք, որ Թուրքիայի հետ մեր փոխհարաբերությունները պիտի բարելավենք առանց նախապայմանների եւ ապրենք խաղաղության մեջ, պետք է առաջ նայենք եւ մտածենք մեր ժառանգների մասին»,- նշել է Բաղդասարյանը` ավելացնելով, որ Հայաստանը դեմ չէ Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, բայց գտնում է, որ երկակի ստանդարտներ չպիտի գործեն, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: