26 նոյեմբերի 2012 - 17:17 AMT
«100 համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին». Համերգ Երևանում

Նոյեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «ՉուխաջյանՖԵՍՏ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի 3-րդ համերգային երեկոն: Այն լինելու է «100 համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» ծրագրի շրջանակում: Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ հանդիսատեսին կներկայացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից: Այս մասին հայտնում է Երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը անցկացվում է 2010թ-ից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:Փառատոնի առաջին համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: 2012թ-ին Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին, և կրում է «ՉուխաջյանՖԵՍՏ» անունը: Այն նվիրվսծ է նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 80-ամյակին: Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 19-ին: