26 նոյեմբերի 2012 - 19:11 AMT
Տիգրան Սարգսյան. Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը ԼՂՀ ինքնորոշված ժողովրդի իրավունքն է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է ՀՀ դիրքորոշումները այն առնչությամբ, որ Ստեփանակերտի օդանավակայանն արդեն պատրաստ է շահագործման, մինչդեռ Բաքվում հայտարարում են, որ Ստեփանակերտի օդանավակայանում իրականացված թռիչքները սպառնալիքի տակ են դնում ուղևորների կյանքը: «Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա ԼՂՀ ինքնորոշված ժողովրդի իրավունքն է, դա կենսակարևոր միջանցք է, որպեսզի մարդիկ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, կարողանան 21-րդ դարում կառուցել իրենց կյանքը` գոյություն ունեցող միջազգային սկզբունքների համաձայն»,-ասել է նա` «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:

Տիգրան Սարգսյանը ենթադրել է, որ թռիչքները նորմալ կիրականացվեն, ճիշտ այնպես, ինչպես այսօր գործում է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ավտոմոբիլային ճանապարհը:

Անդրադառնալով Երևանից ԼՂՀ առաջին չվերթին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ այժմ լուծվում են տեխնիկական, նավիգացիոն խնդիրներ, որոնք կապված են փոխադրումների սպասարկման, ավիափոխադրումների ստանդարտների ապահովման հետ: «Այդ աշխատանքների ավարտից հետո, կսկսվի չվերթերի իրականացումը»,-ընդգծել է նա:

Պատասխանելով այն հարցին, արդյոք Հայաստանը հաշվի է առնելու, ասենք ԱՄՆ պետդպարտամենտի` այդ խնդիրն այլ կերպ լուծելու վերաբերյալ կոչերը, վարչապետը պատասխանել է. «ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն իր դիրքորոշումը հայտնել է, իսկ ԱՄՆ-ն այդ խմբի համանախագահ է: Եթե մենք խաղաղ կարգավորման կողմնակիցներն ենք, ապա պետք է Լեռնային Ղարաբաղում կենսագործունեության նորմալ պայմաններ ստեղծենք: Մենք պարտավոր ենք մարդկանց համար ստեղծել նորմալ, մարդկային կենսապայմաններ»,-հայտարարել է վարչապետը: