27 նոյեմբերի 2012 - 18:35 AMT
Մայր Աթոռում մեկնարկել է «Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի նախաձեռնությամբ սկսվել է «Դիակոնիայի ուսուցում» թեմայով երկօրյա համաժողովը, որին մասնակցում են եկեղեցականներ, աստվածաբաններ և մասնագետներ Հայաստանից, Եվրոպայից ու Կենտրոնական Ասիայից, ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, ԵՊՀ սոցիոլոգիայի և աստվածաբանության ֆակուլտետներից, «Վորլդ վիժն» և «Ամքոր» կազմակերպություններից: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ժողովի նիստերը նախագահել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Զեկույցներ են ներկայացրել Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչը, Գևորգյան հոգևոր ճեմարանի Աստվածաբանության ամբիոնի վարիչը, ռուսական Կլոր սեղանի ղեկավար Մարգարիտա Նելյուբովան («Դիակոնիկ սպասավորությունը Ռուս Ուղղափառ եկեղեցում և էկումենիկ համագործակցությունը») և այլք:

Նույն օրը համաժողովի մասնակիցներին ընդունել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի աշխատանքներին և վստահություն հայտնել, որ դիակոնիկ սպասավորության ոլորտում ձեռք բերված փորձառության փոխանակումը համաժողովի շրջանակներում և ձևավորվող փոխադարձ համագործակցությունը բարի արդյունքներ պիտի տան: