25 մայիսի 2005 - 11:21 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԻՐԸ ՀԵՇՏ ՉԷ ԼՈՒԾԵԼ, ԳՏՆՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
Նախօրեին Ադրբեջանի Միլի մեջլիսում անցկացվել է հանդիպում Գերմանիայի պատվիրակության եւ Միլի մեջլիսի տնտեսական քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովների անդամների միջեւ, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Շոշափելով ղարաբաղյան հակամարտության թեման` Գերմանիայի Բունդեսթագի բյուջեի հարցերով հանձնաժողովի նախագահ Մանֆրեդ Կարստենսն ասել է, որ հիմնախնդիրը հեշտ չի լուծել: «Սակայն գլխավորը, որպեսզի դուք հստակ որոշեք այդ հակամարտության կարգավորման ուղին»,- ավելացրել է նա: Իր հերթին, տնտեսական քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սաթթար Սաֆարովը հիշեցրել է, որ «Ադրբեջանի տարածքի 20%-ը գրավված է, ստեղծվել է փախստականների եւ բռնագաղթվածների միլիոնանոց բանակ, որ ԵԱՀԿ անդամ-պետությունները եւ այլ ազդեցիկ միջազգային կազմակերպությունները ղարաբաղյան հակամարտության հարցում ցուցաբերում են երկակի չափանիշ»: «Ես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության համանախագահ եմ: Ամեն անգամ, երբ ԵԱՀԿ ԽՎ միջոցառումներում խոսքը գնում է ադրբեջանական հողերի գրավման մասին, ոչ մի պետություն Հայաստանին չի անվանում ագրեսոր: Դա անթույլատրելի է, եւ հատկապես մտահոգում է մեզ: Քանի դեռ ագրեսորը չի անվանվում իր անունով, հակամարտությունը կձգձգվի, իսկ կտուժեն անմեղ մարդիկ»,- հայտարարել է նա: Բունդեսթագի վստահության հարցերով հանձնաժողովի նախագահ Վալտեր Շոլլերն ասել է, որ իրենց համար շատ կարեւոր է, որպեսզի Կովկասի պետություններն ապրեն խաղաղության պայմաններում. «Մենք կարծում ենք, որ եվրոպական կառույցները պետք է շատ բան անեն, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը հաստատուն լինի»: