28 նոյեմբերի 2012 - 09:51 AMT
«ՀԺ» Վրաստան մտնող հայկական բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ վաղ առավոտից Վրաստան մտնող մեր բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել: Վրացական մաքսավորները, պատճառաբանելով հայտարարագրված քաշի և իրական քաշի տարբերությունը, որը շատ դեպքերում կազմում է ընդամենը 30 կիլոգրամ, ստիպում են ավելի քան հազար դոլար տուգանք վճարել: Ըստ որոշ տեղեկությունների, երեկ երեկոյան մոտ 50 բեռնատար է կուտակվել մաքսակետում:

Արդեն խոսակցություններ են շրջում, թե սա վրացական նոր իշխանությունների կայացրած ոչ հրապարակային քաղաքական որոշման հետևանք է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանում անցկացված վերջին ընտրությունների ժամանակ Հայաստանի իշխանությունները պաշտպանել են Միխայիլ Սահակաշվիլիին: Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, թերևս, պարզ կդառնա առաջիկայում:

Բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ նման քաղաքական որոշման մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Առաքելյանը հույս է հայտնել, որ խնդիրը կապված է ընդամենը կշեռքի ճշգրտության հետ, և այդ հարցն արագ կլուծվի»,- գրում է թերթը: