26 մայիսի 2005 - 08:23 AMT
ԵԹԵ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱ ՔԺՄ-Ն, ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԵՄ ՄԻՋԵՎ ԿԱՐՈՂ ԵՆ ՉՍԿՍՎԵԼ
Եթե Գերմանիայում ընտրություններից հետո իշխանության գա Քրիստոնյա ժողովրդավարական միությունը (CDU) Ազատ ժողովրդավարական կուսակցության հետ համագործակցությամբ, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները կարող են նույնիսկ չսկսվել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ինչպես հայտարարել է CDU անդամ, Եվրամիության գործերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մատիաս Վիսմանը, իր կուսակցությունը մտադիր է մոտ ժամանակներս զեկույց հրապարակել նախընտրական արշավի մասին, որտեղ կարտացոլվի նաեւ դիրքորոշումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի վերաբերյալ դիրքորոշումը: Զեկույցում կնշվի, որ CDU հաղթանակի դեպքում աշնանային ընտրությունների ժամանակ (սեպտեմբերի 18) եւ եթե Ֆրանսիայում եւ Նիդերլանդներում հանրաքվեի արդյունքները բացասական լինեն շատ հնարավոր է, որ 2005 թվականի հոկտեմբերի 3-ին նախանշված բանակցությունները Թուրքիայի հետ հետաձգվեն: Հիշեցնենք, որ ավելի վաղ CDU նախագահ Անջելա Մերկելը առաջարկել էր Թուրքիային լիիրավ անդամակցության փոխարեն «արտոնյալ անդամակցություն»: Այդ դիրքորոշումը կյանքի կկոչվի միության հաղթանակի դեպքում: Հաղթանակի դեպքում Անջելա Մերկելը, հնարավոր է, դառնա Գերմանիայի առաջին կին կանցլերը: Նշենք, որ CDU-ն եղել է Բունդեստագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկման նախաձեռնողը: Հատկանշական է, որ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի լանդտագի ընտրությունների ժամանակ քրիստոնյա ժողովրդավարները արդեն համոզիչ հաղթանակ են տարել, 1975 թվականից հետո առաջին անգամ մեծամասնություն կազմելով երկրամասի խորհրդարանում: Այդպիսով, ԳԴՀ ամենախոշոր երկրամասում խորհրդարանական մեծամասնություն է կազմում քրիստոնյա ժողովրդավարների եւ ազատկանների լիբերալ-պահպանողական կոալիցիան: