28 նոյեմբերի 2012 - 16:34 AMT
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը կվերակառուցվի

Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու և ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին: «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրային կառավարման գործարքի իրականացման դեպքում պարտավորվում է պայմանագրային ամրագրմամբ՝ բժշկական կենտրոնի հիմնական վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման, այն ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցնելու և բուժանձնակազմի վերապատրաստման նպատակով՝ 10 տարվա ընթացքում կատարել շուրջ 2 400 000 000 դրամի ներդրումներ:

Հաշվի առնելով Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև կիրառելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով արմագրված տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ սահմանել է Երևան քաղաքի վարչական տարածքի 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը: Երևանի ավագանին հավանությունէ տվել նաև Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին: