28 նոյեմբերի 2012 - 17:16 AMT
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու համար քվեարկությունը կանցկացվի երկուշաբթի

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումն ավարտվել է, իսկ երկուշաբթի օրը կանցկացվի քվեարկությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Գագիկ Ջհանգիրյանը շեշտում է, որ կառավարությունը փոխհատուցում է տվել մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժած խանութների սեփականատերերին, իսկ 10 մահացածների հարազատներն ու վիրավորները որևէ գումար չեն ստացել:

Ավելացնենք, որ նախագիծն ԱԺ-ին է ներկայացրել Հայ ազգային կոնգրես խմբակցությունը: Նոր հանձնաժողովի խնդիրը կլինի ուսումնասիրել տեղի ունեցած բռնությունները, ճշտել ոստիկանների գործողությունների իրավաչափությունն ու զոհվածների մահվան հանգամանքները և այլն:

Հիշեցնենք, որ նախորդ գումարման ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով եղել է Սամվել Նիկոյանի գլխավորությամբ: ՀԱԿ ներկայացուցիչները պնդում են, որ իրենց առաջարկած հանձնաժողովը տարբերվելու է նախորդից: