28 նոյեմբերի 2012 - 17:38 AMT
Ստեփան Մարգարյան. ՏԻՄ համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի, սակայն քայլերը պետք է լինեն զգույշ

Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ: Քննարկվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում գործող կազմակերպությունների մշակած «ՀՀ տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթուղթը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, փաստաթուղթը քննարկման են ներկայացրել «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ալեքս Սարդարը և ներկայացուցչության անդամ Արթուր Դրամբյանը:

Փաստաթուղթը, ըստ զեկուցողների, նպատակ ունի վերլուծել ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ընթացիկ իրավիճակը, սահմանել համակարգի զարգացման պետական քաղաքականության առաջնային ուղղություններն ու խնդիրները և այլն:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ կառավարությունը տարածքների համաչափ զարգացման համար վերջին երկու տարիներին մշակել է հայեցակարգ, որը հաջողությամբ իրականացվում է: Մշակման փուլում է երկրորդ քայլը, որի նպատակը համայնքներում ֆինանսական ռեսուրսների համաչափ բաշխումն է:

ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանն էլ նկատել է, որ ՏԻՄ համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի, սակայն քայլերը պետք է լինեն զգույշ և աստիճանաբար: Ըստ նրա՝ բարեփոխումներ է անհրաժեշտ իրականացնել համակարգի կառավարման և տարածքների համաչափ զարգացման ոլորտներում: