26 մայիսի 2005 - 11:26 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՍՊԱՅԻ ՖՈՏՈՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Մայիսի 31-ին Մոսկվայում Ռուսական մշակույթի հիմնադրամում կկայանա Ռուս-հայկական համագործակցության եւ Ռուսական մշակույթի հիմնադրամի նախագահական ծրագրերի տնօրինության կողմից կազմակերպված «Արմին Վեգները եւ Հայոց ցեղասպանությունը» ցուցահանդեսի բացումը, տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի միության «Երկրամաս» թերթը: Ինչպես հայտարարել է «Ռուս-հայկական համագործակցության» Մոսկվայի տարածաշրջանային կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Էքսպոզիցիան պատրաստվել է իտալացի հեղինակ Ջովանի Գուայթի համանուն գրքի հիման վրա: Ցուցահանդեսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության գլխավոր վկաներից մեկի` գերմանական սպա Արմին Վեգների անձնական արխիվի եզակի նյութերը: Չնայած թուրքական եւ գերմանական իշխանությունների խստագույն արգելքին, նա կարողացել է ներթափանցել հայերի մահվան ճամբարները եւ հավաքել եզակի ֆոտոնյութեր, ձայնագրել բազմաթիվ վկայություններ հրեշավոր չարագործությունների մասին, որոնք իրականացվել են Թուրքիայում հայ բնակչության հանդեպ: Ցուցահանդեսում ներկայացված նյութերը բազմակողմանի պատկերացում են տալիս մարդկության պատմության սարսափելի էջերի մասին: Ցուցահանդեսի բացմանը կմասնակցեն ռուս եւ հայ քաղաքական եւ հասարակական գործիչներ: