28 նոյեմբերի 2012 - 18:41 AMT
Երևանում մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը նշեց, որ Հայաստանն ուրախ է ընդունել բազմաթիվ բռնցքամարտիկների աշխարհի տարբեր երկրներից: “Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պատրաստ է այս առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար: Բոլոր մարզիկներին մաղթում եմ անկոտրում կամք և լավ ելույթներ”,- ասաց նա:

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ բոլորի տրամադրությունը շատ բարձր է, որովհետև Հայաստանն անցկացնում է նմանատիպ մրցաշար: “Այս առաջնությունն առաջին հերթին կարևոր է մեզ համար, որովհետև բազմաթիվ մարզիկներ ծանոթանում են Հայաստանի մշակույթին, իսկ հայ մարզիկները ելույթ են ունենում սեփական երկրպագուների առջև: Բոլորին մաղթում եմ գեղեցիկ մարտեր և արժանի հաղթանակներ”,- ընդգծեց ՀԱՕԿ-ի նախագահը:

Երևանյան աշխարհի առաջնությանը մասնակցելու է 68 երկրի 620 բռնցքամարտիկ: Նախնական մարտերը կմեկնարկեն նոյեմբերի 29-ին: