28 նոյեմբերի 2012 - 18:46 AMT
Էդուարդ Շարմազանովը Թուրքմենստանից չեզոք դիրքորոշում է ակնկալում ԼՂ հակամարտության հարցում

Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգուլ Բայրամովային: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, համոզմունք է հայտնել, որ այս այցը նոր թափ կհաղորդի փոխգործակցությանը, որի համար առկա է լայն դաշտ:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանը՝ նշելով, որ դրա աշխուժացումը կնպաստի երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության խորացմանը: Էդուարդ Շարմազանովը կարևորել է Թուրքմենստանի որդեգրած չեզոք դիրքորոշումը շատ հարցերում՝ համանման մոտեցում ակնկալելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ: Նա բարձր է գնահատել այն հոգատարությունը, որ ցուցաբերում են Թուրքմենստանի իշխանություններն այդ երկրում բնակվող շուրջ քսան հազար մեր հայրենակիցների հանդեպ:

Կուրբանգուլ Բայրամովան Հայաստանի և Թուրքմենստանի հարաբերությունները որակել է դինամիկ, դրական զարգացող: Կարևորելով միջխորհրդարանական կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը՝ նա ընդգծել է նաև այն ներուժը, որն առկա է տնտեսական փոխգործակցության ոլորտում, մասնավորապես՝ էներգետիկ, քիմիական արդյունաբերությունների, գյուղատնտեսության բնագավառներում: Բայրամովան հավաստիացրել է, որ Թուրքմենստանի չեզոքության քաղաքականությունն անփոփոխ է՝ համոզմունք հայտնելով, որ հակամարտությունների լուծումները նախ և առաջ պետք է գտնեն դրանցում ներքաշված կողմերը:

Երկուստեք ընդգծվել է միջազգային կառույցներում, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության կարևորությունը: