28 նոյեմբերի 2012 - 20:37 AMT
ՀՀ ՔՕ-ում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը կարող է ընդգրկվել ԱԺ առաջիկա քառօրյա նիստում

Նոյեմբերի 28-ին Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Հայկ Բաբուխանյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ քրեական օրենսդրության խնդիրներից, արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, մրցակցության և ապացույցների գնահատման սկզբունքներից: Տեղեկացվեց, որ առաջարկվող լրացումը ներդաշնակություն կմտցնի ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի միջև: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված նախագիծն ԱԺ աշնանային նստաշրջանի և դեկտեմբերի 3-6-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ օրինագծերի փաթեթը մշակելիս նկատի են առնվել ՀԱԿ անդամ կուսակցությունների` ընտրական գործընթացներին մասնակցության փորձն ու դիտարկումները, հայաստանյան և օտարերկրյա դիտորդական առաքելությունների եզրակացություններն ու առաջարկությունները: Հեղինակներն առաջարկում են որոշ փոփոխություններ կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքում, որոնց կիրառմամբ կբացառվի ընտրողի կամարտահայտման նկատմամբ հսկողության իրականացումը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց կառավարության բացասական եզրակացությունը:

Որոշվեց նախագծերի փաթեթի հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը հետաձգել մինչև մեկ տարով: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Ալեքսանդր Արզումանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագիծը: Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ՀՀ սահմաններից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիները հանրապետության սահմաններում բնակվող ՀՀ քաղաքացիների հետ հավասար իրավունք ունեն ու պետք է ունենան ընտրելու և ընտրվելու օրենքով ամրագրված հնարավորություն, որի իրականացման մեխանիզմները պետք է սահմանված լինեն ՀՀ օրենսդրությամբ: Հանձնաժողովը օրինագծին դրական եզրակացություն չտվեց:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար դրական եզրակացություն տվեցին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: