26 մայիսի 2005 - 12:49 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԲՈԼՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Ցանկացած երկրում անցկացվող ընտրությունները պատկերացում են տալիս այնտեղ ստեղծված փաստացի իրավիճակի մասին: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, ի վերջո, ընտրությունները կոչված են` կառավարման համակարգի միջոցով երկիրը տանել ապագային ընդառաջ` ընտրվում են երկրի համար պատասխանատու անձինք, ովքեր պետք է որոշումներ կայացնեն երկրի ճակատագրի վերաբերյալ: Եթե այդ ընտրությունը համարժեք է առաջադեմ պետությունների այն փորձին, որ գոյություն ունի աշխարհում, ապա այն դրական ընկալում է գտնում միջազգային հանրության շրջանում, եթե ոչ, ապա` բացասական: «Մենք պիտի ձգտենք նրան, որպեսզի մեր ընտրությունը համարժեք լինի այն գործընթացներին ու մարտահրավերներին, որոնք այսօր առկա են աշխարհում»,-նշել է նա: «Մենք հրավերներ ենք ուղարկել եւ միջազգային համապատասխան կազմակերպությունների, եւ անհատ դիտորդների, նրանց առաջարկելով դիտորդական առաքելություն իրականացնել ԼՂՀ ԱԺ ընտրություններում: Արդեն ստացել ենք դրական պատասխաններ, կարծում եմ, ավելի ամփոփիչ տվյալներ կտրամադրենք առաջիկա տասը օրվա ընթացքում, որովհետեւ դեռեւս ոչ բոլորն են ուղարկել իրենց պատասխանները: Սակայն, կարծում եմ, ինչպես միշտ, այս անգամ նույնպես բավական ներկայացուցչական դիտորդական խմբեր կժամանեն: Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի Վարշավայում արված հայտարարությունն այն մասին, թե ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում է եվրոպական արժեքների գնահատման համատեքստում եւ փաստացի կայացած ԼՂՀ-ին եվրոպական ինտեգրման գործընթացներում, ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է.«Ինձ թվում է, որ նման տարբերակը իրատեսական է, ոչ միանգամից, բայց` այո: Որովհետեւ իրականում ԼՂՀ-ն կայացած պետություն է բոլոր թերություններով հանդերձ, եւ ունի այն նույն արժեքային համակարգը, որը գործում է Արեւմտյան Եվրոպայում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

.