29 նոյեմբերի 2012 - 15:52 AMT
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ նշեց, որ Ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Սա հակամարտության հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է: Այս մասին այսօր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ կայացած համատեղ ասուլսիում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահն ընդգծեց, որ միայն այս մոտեցումը կարող է հակամարտության երկարաժամկետ կարգավորում ապահովել: «Մենք հաստատել ենք խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու Հայաստանի և Թուրքմենստանի ձգտումը», - ասաց Սերժ Սարգսյանը:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն էլ իր հերթին նշեց, որ իր երկիրը կողմ է կայունությանն ու անվտանգությանը: Նա ավելացրեց, որ Թուրքմենստանը չեզոք երկիր է:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գխավորած պատվիրակությունը: