29 նոյեմբերի 2012 - 21:05 AMT
Տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 29-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկել են 2006 թվականի մարտի 28-ին ստորագրված «Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ» Սինգապուրի պայմանագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ պայմանագրի նպատակն է ստեղծել ապրանքային նշանների գրանցման վարչական գործընթացները ներդաշնակեցնելու ժամանակակից և ճկուն միջազգային համակարգ: Ըստ հիմնական զեկուցողի՝ 2012թ. հունիսի 21-ի դրությամբ պայմանագիրը ստորագրել է 55 պետություն, ուժի մեջ է մտել 26 պետության համար:

Նա ներկայացրել է նաև 1965 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» կոնվենցիան, որով նախատեսվում է դեպի ծով ելք չունեցող երկրներին տրամադրել պատշաճ տարանցիկ առեւտրի հնարավորություն՝ միջազգային իրավունքի նորմերին համաձայն: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ կոնվենցիայով սահմանվում է, որ տարանցվող ապրանքների նկատմամբ չպետք է կիրառվի որևէ մաքսատուրք, և տարանցման փոխադրամիջոցների համար չպետք է գանձվեն հատուկ հարկեր կամ տուրքեր, որոնք գերազանցում են տարանցման պետության փոխադրամիջոցներից գանձվող հարկերի եւ տուրքերի չափը:

Պատգամավորները քննարկել են 2000 թվականի հունիսի 1-ին ստորագրված «Արտոնագրային իրավունքի մասին» պայմանագիրը, որի նպատակն է ներդաշնակեցնել եւ արդիականացնել ազգային եւ տարածաշրջանային արտոնագրերի հայտերի եւ արտոնագրերի վերաբերյալ նախնական փորձաքննության ընթացակարգը՝ դրանով այդ գործընթացները դարձնելով օգտագործման համար ավելի հարմար: