29 նոյեմբերի 2012 - 21:08 AMT
Նիկոլայ Ռիժկով. Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հետ

Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կայացած 21-րդ նիստի աշխատանքները ամփոփել են հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը և Նիկոլայ Ռիժկովը:

Ռիժկովը կարևորել է հաձնաժողովի նիստերի պարբերական՝ տարին երկու անգամ անցկացումը, նշելով, որ երկու կողմից էլ տարվում են շահագրգիռ, նպատակային աշխատանքներ: Ռիժկովի խոսքով՝ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և երկկողմ կապերը ամենատարբեր մակարդակներով, այդ թվում՝ միջխորհրդարանական հարթությունում բավականին լուրջ կերպով զարգանում են:

«Լավ կլիներ, որ տնտեսական փոխգործակցությունը նույնքան դինամիկ զարգանար, որքան միջպետական հարաբերությունները»,- նշել է ռուսական կողմի համանախագահը:

Նիկոլայ Ռիժկովը տեղեկացրել է, որ ռուս խորհրդարանականների տասներկու հոգանոց ներկայացուցչական պատվիրակությունն այցելելու է նաև Սպիտակ և Գյումրի՝ տեղում ծանոթանալու կատարված վերականգնողական աշխատանքներին:

Նաղդալյանը տեղեկացրել է, որ քննարկման արդյունքում ընդունվել է արձանագրություն, որտեղ տեղ են գտել մի շարք առաջարկություններ կապված համագործակցության հետագա զարգացման, երիտասարդական քաղաքականության ոլորտում հնարավոր նոր նախագծերին, այդ թվում՝ կրթական, մշակութային, հումանիտար կապերի զարգացման, երիտասարդական խորհրդարանի հետ:

Հաստատվել է գործունեության երկամյա ծրագիրը, ինչպես նաև գալիք տարվա մայիսին կայանալիք հաջորդ նիստի օրակարգը: