27 մայիսի 2005 - 12:09 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ՆՐԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ոգեկոչումը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության ճանաչում` եվրոպական արժեքների ոգով է: Այս մասին ելույթ ունենալով Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստում` հայտարարել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Նրա խոսքերով` Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ճանաչման մերժումը, ցույց է տալիս, թե երկիրը դեռեւս «անցյալի հիշողության» ինչ երկար ճանապարհ պետք է անցնի, որն այդքան կարեւոր է ցանկացած հասարակության ժողովրդավարական զարգացման համար: Ինչպես նշել է Տեր-Ստեփանյանը, Հայոց ցեղասպանության հարցերով գիտաժողովի անցկացման Թուրքիայի մերժումը դրա տխուր վկայությունն է: Տեր-Ստեփանյանի խոսքերով` հակառակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վարշավայի ԵԽ վեհաժողովում արված հայտարարության, սխալ կլիներ կարծել, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչած 11 երկրներ դա արել են ճնշման տակ: «Նրանք դա արել են գիտակցաբար»,- հայտարարել է նա: Այսօր Էրդողանը, ոգեւորված ԵՄ-ին Թուրքիայի անդամակացության քննարկումներով, կոչ է անում ստեղծել Հայոց ցեղասպանության իրադարձությունների հետազոտության հարցերով պատմաբանների հանձնաժողով այն դեպքում, երբ մի շարք միջազգային գիտնականների եւ փորձագետների վկայություններն ու աշխատանքներն արդեն իսկ բավարար են «ցեղասպանության» փաստն ապացուցելու համար: Հայաստանը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկան եւ ապագան գտնվում են երկու երկրների իշխանությունների պատասխանատվության շրջանակներում: Այսօր անհրաժեշտ է չսահմանափակվել միայն անցյալին նայելով, այլ ընդհակառակը, քննարկել ներկայի խնդիրները եւ շրջվել դեպի ապագա, նշել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը: