1 դեկտեմբերի 2012 - 11:27 AMT
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ 1988 թվականից ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու նպատակով: 2011 թ.-ից մինչև 2015-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվելու է «Հասնել զրոյի» կարգախոսով, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ավելի քան 30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն այսօր դարձել է մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է համավարակի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի երկիր: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետությունոմ: 2012թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

Մեր երկրում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդման ուղղությամբ: Շարունակաբար իրագործվում են կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի և երիտասարդության շրջանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում է բուժում, խնամք և աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն (ԽՀ), ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ և այլն:

Ընդհանրապես ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդումը ենթադրում է համալիր միջոցառումներ հետևյալ ուղղություններով` կանխարգելում, բուժում, խնամք և աջակցություն:

Վերջին տարիներին բարելավվել են ՄԻԱՎ վարակի ախտորոշումն ու հայտնաբերումը, բարձրացել է համաճարակաբանական հսկման համակարգի արդյունավետությունը: Ավելացել է նաև արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից:

ՁԻԱՀ-ը մարտահրավեր է ոչ միայն ժամանակակից առողջապահությանն ու գիտությանը, այլև համայն մարդկությանը: Ընդունելով այդ մարտահրավերը` ՀՀ առողջապահության նախարարությունը հանձինս իր ենթակայության մասնագիտացված կառույցի՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, շարունակելու է իրականացնել նպատակաուղղված գործունեություն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակին արդյունավետ հակազդելու և մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ազգային ռազմավարությունները կյանքի կոչելու ուղղությամբ: