1 դեկտեմբերի 2012 - 13:19 AMT
Ամփոփվել են Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և գրատպության 500-ամյակի 2012թ. միջոցառումները

2012 թվականը շատ հագեցած տարի էր հայ գրատպության ու մշակութային ժառանգության համար և լի էր միջոցառումներով, որոնք կազմակերպվեցին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք և գրատպության 500-ամյակի երկու խոշոր միջոցառումների շրջանակում: Ամփոփելով լայնածավալ ծրագրերի արդյունքները՝ Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, միջազգային նախագծերի ղեկավար Արա Խզմալյանը նշեց, որ դրանք թույլ տվեցին ներկայացնել ոչ միայն ազգային արժեքները, այլ նաև համաեվրոպական:

Այդ առնչությամբ մասնագետը նշել է, որ 2012թ. կազմակերպվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային խորհրդաժողովը ԱՊՀ երկրների թանգարանների ներկայացուցիչների մասնակցությամբ, 37 երկրների թանգարանագետների մասնակցությամբ տարեկան խորհրդաժողովը, հրատարակվեց գիտական աշխատությունների աննախադեպ պատկերազարդ ժողովածու, որտեղ ներկայացված է, թե ինչ վիճակում է գտնվում տպագիր ու ձեռագիր ժառանգությունը, ինչպես են այդ նմուշները վերականգնվում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Կազմակերպվել է նաև գիտաժողով՝ նվիրաված ազգային ժառանգության թվայնացմանը:

Անդրադառնալով Մատենադարանի մասնակցությանն այդ միջոցառումներին՝ Արա Խզմալյանը նշել է, որ 13 ցուցասրահներում կազմակերպված գրքերի ցուցադրությունները մեծ հաջողություն ունեցան զբոսաշրջիկների շրջանում, որի հաշվին ձևավորվեց բավականին մեծ արտաբյուջետային հիմնադրամ:

Իր հերթին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը հավելեց, որ ընթացիկ տարին իրոք շատ արդյունավետ էր և սկսվեց Վենետիկում Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսից, որին ներկա էր նաև ՀՀ նախագահը: Որից հետո նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպվեցին Եվրոպայի այն բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ զարգացած էր հայ գրատպությունը՝ Ամստերդամում, Սոֆիայում և այլուր: Այժմ նման ցուցահանդես է գործում Բրիտանական գրադարանում, այն կտևի մինչև 2013 թվականի հունվարը:

«Բոլորը հպարտ են և ուրախ ներկայացնելու այդ ցուցադրություններն իրենց գրադարաններում, առավել ևս, որ այնտեղ մեծ հայկական համայնք կա, որը կազմակերպչական աջակցություն է ցուցաբերում»,-ասել է նա: