1 դեկտեմբերի 2012 - 13:37 AMT
Մոլդովան շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երևանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյանգործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և նոր խթան կհանդիսանա հայ-մոլդովական կապերի հաստատման գործում», հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոլդովայի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները: Վլադ Ֆիլատը նշել է, որ Մոլդովան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը՝ ԱՊՀ-ի և Արևելյան գործընկերության շրջանակում:

Զրուցակիցներն անբավարար են գնահատել երկկողմ տնտեսական հարաբերությունների ընթացքը: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-մոլդովական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են այդ ուղղությամբ կատարել հստակ քայլեր՝ մշակել տնտեսական համագործակցության զարգացման նոր օրակարգ:

Տիգրան Սարգսյանը և Վլադ Ֆիլատը կարևորել են նաև փորձի փոխանակումը իրականացվող բարեփոխումների ուղղությամբ և այդ համատեքստում քննարկել մի խումբ հարցեր: