1 դեկտեմբերի 2012 - 14:52 AMT
Սարգսյանը Բարոզուին հավաստիացրել է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ եղած թերությունները կշտկվեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է մայիսին ՀՀ ԱԺ ընտրությունները լավ անցացնելու կապակցությամբ: «Ես նախագահից հավաստիացում ստացա, որ կշտկվեն այն թերությունները, որ մատնանշվել են ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական միջանկյալ զեկույցում: Այս համատեքստում նախագահը ստեղծել է աշխատանքային խումբ: Դա առաջնորդական ուժեղ քայլ է»,- այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Ժոզե Մանուել Բարոզուն: Նա հույս հայտնեց, որ առաջիկա նախագահական ընտրությունները կլինեն անթերի և անբիծ՝ ազատության և արդարության իմաստով:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին տեղեկացրեց, որ ինքը Եվրոպական հանձնաժողովի նախագահին հավաստիացրել է, որ Հայաստանը հանձնառու է 2013 թվականի փետրվարին անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նախագահական ընտրություններ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Բարոզուին Հայաստանի բարեփոխումների ծրագրին աջակցության և «ավելին ավելիի համար» տրամաբանությամբ այդ աջակցությունն ավելացնելու պատրաստակամության համար: