1 դեկտեմբերի 2012 - 15:08 AMT
Սերժ Սարգսյան. Մենք կարևորում ենք ԵՄ ներկայացուցիչների անմիջական շփումները ԼՂ հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի պատկերացումները: «Ուրախալի է, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵՄ հետ առկա է լիակատար փոխըմբռնում: Հայաստանը բազմիցս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը, հետևաբար մենք կարևորում ենք ԵՄ ներկայացուցիչների անմիջական շփումները Լեռնային Ղարաբաղի հետ, մասնավորապես նրանց պարբերական այցելությունները»,- Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի նախագահը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահն իր հերթին խիստ կարևորեց տարածաշրջանում խաղաղությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հրատապությունը: «ԵՄ-ն շարունակում է սատարել ԵԱՀԿ Միսնկի խմբի ջանքերին և պատրաստակամ է, համագործակցելով ՄԽ-ի հետ, ավելի մեծ օժանդակություն ցուցաբերել վստահության ամրապնդման միջոցառումներին, եթե կողմերն այդպիսի ցանկություն ունենան»,- ասաց Ժոզե Մանուել Բարոզուն:

Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակելու է մարդու իրավունքների շուրջ երկխոսության ձևաչափի շրջանակներում բաց և կառուցողական մթնոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: