1 դեկտեմբերի 2012 - 15:20 AMT
Հայաստանի դպրոցներում փնտրվում են օժտված և աստղագիտությամբ հետաքրքրվող աշակերտներ

Նոյեմբերի 7-30-ը Հայաստանի դպրոցներում իրականացվել է Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում աստղագետներն այցելել են Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:

Ծրագիրն իրականացվել է ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Աստղագետները եղել են ՀՀ բոլոր մարզերում (մասնավորապես Աշտարակ, Արմավիր, Գավառ, Գյումրի, Գորիս, Իջևան, Հրազդան, Մասիս, Ջերմուկ և Վանաձոր քաղաքներում) և Երևանի բոլոր վարչական տարածքներում, ինչպես նաև մի քանի մասնագիտացված դպրոցներում: Ընդամենն անցկացվել է 30 դասախոսություն:

Աստղագետները պատմել են ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին:

Աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվել են աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ, աստղագիտական օրացույցներ և քարտեզներ, «Վիկտոր Համբարձումյան» և «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակները: Վերջինս պատրաստվել և թողարկվել էր հենց այս ծրագրի շրջանակներում և ընդգրկում է դպրոցական աստղագիտության վերաբերյալ ծավալուն նյութեր` թվայնացված դասագրքեր և խնդրագրքեր, հանրագիտարաններ և տեղեկատուներ, աստղագիտական համակարգչային հանրամատչելի ծրագրեր, լուսանկարներ և շարժանկարներ, ԲԱ, Վիկտոր Համբարձումյանի և այլ հայ աստղագետների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև «Տիեզերքի եռաչափ ատլաս» կոչվող հանրամատչելի CD խտասկավառակը:

Այս հանդիպումների նպատակներից մեկն էր նաև դպրոցներում հայտնաբերել օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար: Նման հետաքրքրքություն ցուցաբերեցին հարյուրավոր աշակերտներ: Ծրագիրը կարող է շարունակություն ունենալ 2013թ. տարվա գարնանը: